ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Խաղը փոխվում է

Խաղը փոխվում է
03.11.2015 | 01:11

Երկու օրվա մեջ տարածաշրջանային զարգացումները նոր «զգեստ հագան»:
Առաջինը, իհարկե, ռուսական ինքնաթիռի ողբերգությունն էր` Սինայի անապատում: Ժամանակ չունենք անդրադառնալու կատարվածի նշանային համակարգին, այնուհանդերձ` Սիրիայի խնդրով Վիեննայում մեկնարկած բազմակողմ բանակցություններից ժամեր անց, երբ որոշվել էր, որ սիրիական չափավոր ընդդիմությունը և իշխանությունը նույնպես ներառվելու են հարցի քաղաքական կարգավորման ձևաչափում, օդում պայթեց ռուսական ինքնաթիռը:
Եվ որքան էլ ռուսական կողմը ջանք ու եռանդ չխնայի` ապացուցելու, տեղեկատվական դաշտը ծածկելու, թե դա ահաբեկչություն չէր, որովհետև ԻՊ-ը նման զենք չունի, առաջ ընկնելով ասենք, որ դա այնքան էլ այդպես չէ, քանզի ԻՊ-ը, որ պետություն է պետության մեջ, ընդ որում, ահավոր հզոր ու շատ լավ զինված, իր թիկունքում ունի այնպիսի հզոր «մեքենա»-երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և ԱՄՆ-ը, որոնք կարող են ցանկացած զենք ցանկացած «ձևաչափով» գործողության մեջ դնել:
Խնդիրը մեկն էր` կասեցնել Սիրիայում Ռուսաստանի սկսած հաղթական դեմարշը: Ոչ թե «զենքի», այլ հոգեբանական գործոնի, ամենացավոտ կետին խփելու, Պուտինի միֆը պայթող ինքնաթիռի հետ պայթեցնելու նկատառումով: Ընդ որում, դա Ռուսաստանի դեմ տարիներ շարունակվող պայքարի ծանոթ ձեռագիրն է` Բեսլան, Նորդ-Օստ…
Չմոռանանք, որ շատ փորձագետներ սպասում էին նման ահաբեկչական ակտերի հենց Ռուսաստանի տարածքում: Եվ այնուհանդերձ, ասել, թե ինքնաթիռը բեկում մտցրեց զարգացումներում, մի քիչ ծիծաղելի է, բայց քանի որ «նորացվող» աշխարհում պայքարը վերին` աստրալ, արմագեդոնյան շերտերում է ընթանում, և ինքը` ԻՊ-ը, հարմարված է հատկապես այդ պայքարին, միջադեպն անտեսելը ևս անհնար է` հետագա զարգացումների առումով, որոնք շատ չեն ուշանա:
Հաջորդ «դիպվածը», որ տարածաշրջանի համար առանցքային դարձավ, Թուրքիայում տեղի ունեցող ընտրություններն էին: Անսպասելի՞ էր Էրդողանի կուսակցության բացարձակ հաղթանակը: Մասամբ: Ինչո՞ւ, բոլոր դեպքերում, ֆրաու Մերկելն այդ ընտրություններից առաջ իր փափլիկ աջը մեկնեց Էրդողանին` փախստականների հարցով և լուրջ գումար տրամադրեց: Նախ` Եվրոպան սեփական մաշկն էր փրկում` Թուրքիան բուֆեր դարձնելով փախստականների համար, ինչի դիմաց Էրդողանը չէր կարող այլ «հաշիվ-ֆակտուրա» ևս պահանջել: Եվ ապա, Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանմանը դեմ հանդիման, Իրանի` Սիրիայում լուրջ գործոն լինելու, ապա և Հայաստանի միջոցով դեպի Պարսից ծոց, նաև Եվրոպա տարածվելուն դեմ հանդիման, Արևմուտքին հարկավոր էր Էրդողանի հաղթանակը, որպեսզի առանց այն էլ ներքին քայքայման դատապարտված Թուրքիան քրդական գործոնից շատ արագ չպայթեր այնպես, ինչպես ռուսական ինքնաթիռն օդում:
Առաջ ընկնելով էլ ասենք, այնուհանդերձ, Էրդողանին հեշտ օրեր չեն սպասում` նույն ներքին դաշտում, և բացի քրդերից ու «մնացածներից», այդ հաղթանակը Էրդողանի «քթից կբերեն» նույն Արևմուտքն ու ԱՄՆ-ը` թույլ չտալով նրան իր հավակնությունները դրսևորել:
Ի դեպ, Հայաստանի մասով նույնպես հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին: Խոսքը Սերժ Սարգսյանի «տրանզիտ» այցերի մասին էր: Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրված պատարագից հետո… Մի պահ ձգենք դադարը. Բրիտանիան, փաստացի, արդեն իսկ սկսել է Թուրքիային իր տեղը ցույց տալու քաղաքականությունը` Էրդողանի հաղթանակի ֆոնին: Նույն Բրիտանիայից խիստ անսպասելիորեն Սերժ Սարգսյանը մեկնեց Վրաստան` հույժ կենսական` էներգետիկ խնդիրներ քննարկելու, Վրաստանով` տարբեր ուղղություններով իրանյան «տրանզիտ» ապահովելու համար, ինչը ոչ միայն հետաքրքիր, այլև ուղղակի «գտածո» վիճակ է:
Սպասե՞նք կոնկրետ արդյունքների: ՈՒրիշ ճար չունենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ